Հեղինակ՝ Էկա Քոբեսաշվիլի
Իրավունքների խախտումները համեմատաբար ավելի շատ են Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների շրջաններում, քան քաղաքներում կամ մեծամասնությամբ բնակեցված շրջաններում։ Այս խնդրի պատճառները բազմաթիվ են՝ սկսած իշխանության ու նրանց ներկայացուցիչների պատասխանատվությունից, վերջացրած սովորական մարդկանց կարծրատիպային մտածելակերպով։
Ձեզ պաշտպանելու համար դուք պետք է իմանաք ձեր իրավունքները։ Սակայն, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ իրավունքների և իրավական պաշտպանության մեխանիզմների մասին գիտելիքները բավարար չեն։ Ներկայիս խնդիրն ավելի խնդրահարույց է էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածքներում, որտեղ քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների ներկայությունը վճռորոշ է, սակայն, մյուս կողմից, քաղաքացիական ակտիվիստներն իրենք են հաճախ դառնում հետապնդումների և ճնշումների զոհ:
Մի օր ինձ հեռախոսով օգնության կանչեց քաղաքացիական ակտիվիստներից մեկը՝ ադրբեջանցի կին, և խնդրեց հանդիպել։ Մեր հանդիպումը կայացավ հենց հաջորդ օրը։ Նրան անձամբ հանդիպելուց հետո տիկին Մելինային (փոխված անուն) հարցրի իր խնդրի մասին, ինչին նա ժպտաց և ասաց. «Շատ դժվար է քաղաքացիական ակտիվիստ ադրբեջանուհու կյանքը վերածել միայն մեկ խնդրահարույց հարցի և այդպես փոխանցել։ Խնդիրը շատ է: Մի բան է՝ փորձել պաշտպանել այլոց իրավունքները, ուրիշ բան՝ հրապարակայնորեն անդրադառնալ բոլոր այն խնդիրներին, ինչի մասին բաց քննարկումը կարող է անընդունելի լինել տեղական իշխանությունների համար»։ Այս խոսքերով ինձ համար պարզ դարձավ, թե ինչ նկատի ուներ տիկին Մելինան, և ես առաջարկեցի ազատորեն խոսել իրեն հուզող ցանկացած հարցի մասին։ Մեր հանդիպումը բավականին բովանդակալից ստացվեց։
Մառնեուլիում բնակվող մի կին քաղաքացիական ակտիվիստ տարիներ շարունակ փորձում է պաշտպանել իր տարածաշրջանում ապրող այլ մարդկանց իրավունքները։ Նա բացահայտ խոսում է տարածաշրջանում կոռուպցիոն գործարքների, տարբեր խնդիրների մասին։ Սրա պատճառով տիկին Մելինան հաճախ ստիպված է լինում առերեսվել ոչ միայն պետական և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, այլ նաև նրանց մերձավոր, իր համայնքում ապրող քաղաքացիների հետ։ Տիկին Մելինային, ուղղակի և անուղղակիորեն, բազմիցս զգուշացրել են լռել և չմիջամտել այնտեղ, որտեղ նրա տեղը չէ, բայց չնայած մեծ դժվարություններին և ճնշումներին, նա չի վախենում դա անել, օգնել քաղաքացիներին և պաշտպանել նրանց իրավունքները։
Մարզում Մելինայի համար ամենացավոտ խնդիրներից մեկը կանանց իրավունքների վիճակն է։ Նա միշտ փորձում է ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց մասին տեղեկատվություն իմանալ և օգնել նրանց։ Մելինան ոստիկաններին և հասարակական կազմակերպություններին հայտնում է յուրաքանչյուր կնոջ նկատմամբ իրեն հայտնի բռնության փաստի մասին։ Այս ակտիվության պատճառով բռնարարները չեն խուսափում Մելինային հասցեագրված սպառնալից տեքստերից և փորձում են թշնամական միջավայր ստեղծել նրա համար։
Քաղաքացիական ակտիվությունից բացի Մելինան զբաղվում էր ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ընտանիքը պահելու համար։ 2017 թվականի մարտին Մելինայի ապրանքներով բեռնված սեփական միկրոավտոբուսը պետք է մի գիշեր կանգներ Մառնեուլիում։ Իր հասցեին բազմաթիվ նախազգուշացումների ու սպառնալիքների պատճառով Մելինան զգույշ է եղել այդ հարցում և բեռնված միկրոավտոբուսը կանգնեցրել է Մառնեուլիի ոստիկանության շենքի մոտ՝ հագեցած արտաքին հսկողության տեսախցիկներով։ Սակայն Մելինայի նման զգուշավորությունը ևս արդյունք չտվեց, և նույն գիշեր հրկիզեցին նրա միկրոավտոբուսը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Մելինային պատկանող միկրոավտոբուսի այրման փաստով, սակայն արդեն 5 տարի է քննությունը չի կարողանում պարզել, թե ով է այրել ոստիկանության շենքի դիմաց կանգնած միկրոավտոբուսը։ Գործը մինչ օրս քննվում է միայն ձևական՝ առանց քննչական գործողությունների։
Մելինայի խոսքով՝ հանցագործությունը կապված է իր քաղաքացիական ակտիվության հետ և սա այն փաստերից մեկն է, որն իրականացվել է իրենից վրեժ լուծելու և վախեցնելու նպատակով։ Բայց չնայած այդքան ճնշումներին, ահաբեկումներին ու հալածանքներին, Մելինան շարունակում է պաշտպանել իր համայնքում ապրող քաղաքացիների իրավունքները և օգնության ցուցաբերումը։ Կարծում է, որ նա պետք է օրինակ լինի մյուսների համար: Ինչպես նաև, որքան շատ քաղաքացիական ակտիվիստներ և քաղաքացիներ տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին, այնքան ավելի քիչ իրավունքներ կխախտվեն և այնքան պաշտպանվածություն կլինի մարզում։
English
ქართული